iOS 5-ով աշխատող iPhone-ի ծածկագիրը կարելի է «կոտրել» գրասենյակային ամրուցիչի միջոցով (տեսանյութ)
iPhoneIslam կոչվող ծրագրավորողների խումբը հաջողացրել է կոտրել iOS 5-ով աշխատող iPhone 4S–ի ծածկագիրը: «Կոտրողները» պնդում են, որ այդ նպատակով միայն գրասենյակային ամրուցիչ է անհրաժեշտ (канцелярская скрепка) կամ յուրաքանչյուր այլ բան, որով հնարավոր է iPhone-ի SIM քարտի պահունակը բացել:
«Կոտրում» օպերացիան հնարավոր է միայն այն դեպքում, երբ էկրանին բաց թողնված զանգի ծանուցում կա: «Կոտրողը»` օգտագործելով միայն ամրուցիչը, պետք է սարքից SIM քարտի պահունակը հանի, մի քանի վայրկյան սպասի, ապա նորից տեղը դնի և մատով ծանուցումը հաստատի:
Դրանից հետո iPhone-ի հեռախոսային գործառույթը պետք է բացվի: Սմարթֆոնը որպես հեռախոս լիովին գործածական կլինի, սակայն այլ հնարավորությունները փակ կմնան:
Նման կերպով կարելի է «կոտրել» iOS 5-ով ցանկացած սարք` դա կարող է լինել և iPhone 4S, և iPhone 4, և iPhone 3GS:
Մեթոդը նաև իր թերություններն ունի: Առաջին հերթին, այն չի գործում առանց բաց թողնված զանգի ծանուցման: Երկրորդը` «կոտրողը» պետք է այն պահը որսա, երբ սարքը ցանց է փնտրում: Ըստ տեսանյութի դա այդքան էլ դժվար չէ:










