Շվեյցարացիները դահուկային ամբարձիչը վերածել են էլեկտրակայանի (տեսանյութ, լուսանկարներ)
Շվեյցարիայի Solarskilift Tenna դահուկային ամբարձիչը վերածվել է արևային էլեկտրակայանի: Թեև արևային մարտկոցներով աշխատող այս ամբարձիչը միակը չէ աշխարհում, սակայն մյուսներին այն գերազանցում է իր յուրահատկություններով:

Եթե լեռնադահուկային այլ առողջարաններում ինժեներներն արևային էլեկտրակայաններ էին տեղադրում ամբարձիչների մոտակայքում, որոնք էլ սնում էին ճոպանուղու շարժիչը, ապա Solarskilift Tenna-ի դեպքում` սարքն ինքն իրենով արդեն իսկ էլեկտրակայան է:

Այս արեգակնային էլեկտրակայանի առավելագույն հզորությունը 60.27 կիլովատտ է, այն դեպքում, երբ ամբարձիչին անհրաժեշտ է ընդամենը 35 կՎտ: Ինչպես նշում է Inhabitat-ը,ստացված էներգիայով տաքացվում են նաև նստարանները:

Էլեկտրակայանը համալրված է քամու ու ձյան հաղորդիչներով: Քամու ժամանակ արևային վահանակներն ուղղվում են դեպի քամու անկյունը` նվազեցնելով ծանրաբեռնվածությունը, իսկ ձյան ժամանակ`ուղղահայաց դիրք ընդունում և «պայքարում» տեղումների դեմ:
Solarskilift Tenna ամբարձիչը շահագործման է հանձնվել 2011թ.-ի դեկտեմբերի 17-ին: 2012թ.-ի հունվարի 26-ին համալիրն արտադրել է 289 կՎՏ/ժ էլեկտրականություն` ծախսելով 67.3 կՎտ/ժ: Ինժեներների գնահատականի համաձայն` կայանը տարեկան կարող է արտադրել միջինում 90.000 կՎտ/ժ էներգիա, այն ժամանակ, երբ ամբարձիչի աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը 22-29.000 կՎՏ/ժ:










