Հայկական 3 գիտական կազմակերպություն կմասնակցեն ԵՄ ՀԶ 7-րդ շրջանակային ծրագրին
Փետրվարի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Եվրամիության հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի երեք նախագծերի մեկնարկի շնորհանդեսը:
Ըստ ՀՀ ԳԱԱ հաղորդագրության՝ եվրոպական ընդհանուր գիտահետազոտական տարածքի ստեղծման համատեքստում 2011թ-ին Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված` Եվրոպայի հարևանների հետ համագործակցության խթանմանն ուղղված նախագծերի կանչի շրջանակներում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ու մի շարք Եվրոպական կենտրոնների մասնակցությամբ համատեղ նախագծեր արժանացել են հավանության:
ՀՀ ԳԱԱ ինստիտուտները կհամակարգեն Եվրոպական մակարդակի նախագծեր` տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների, էկոլոգիայի և ֆիզիկայի ոլորտներում:
Նախագծերի ընդհանուր նպատակն է հայկական կենտրոնների հնարավորությունների և գիտական ներուժի հզորացումը` Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի 12 առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների հետ ռազմավարական համագործակցության հաստատման, գիտնականների փոխանակման և համատեղ փորձերի նախապատրաստման միջոցով:
Կարևոր բաղկացուցիչ է նաև եվրոպական փորձագետների մասնակցությամբ այդ կենտրոնների երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարության մշակումը` ելնելով երկրի տնտեսական զարգացման առաջնայնություններից: Նախագծերի իրականացման ժամկետը երեք տարի է:
Համաեվրոպական ամենամեծ գիտական ծրագիր հանդիսացող 7-րդ շրջանակային ծրագրի կարևորագույն ուղղություններից է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խթանումը:










