Հարավային Կորեան զրահամեքենաների համար նոր ակտիվ պաշտպանություն է ստեղծել
Հարավային Կորեայի ռազմական հետազոտությունների գործակալությունը (ADD) զրահամեքենաների համար նախատեսված, նոր ակտիվ պաշտպանության համակարգ է ստեղծել, հաղորդում է Defense News պարբերականը:
Հաղորդվում է, որ ակտիվ պաշտպանության (APS) հիմքում եռաչափ ռադիոտեղորոշման սարքն է և ջերմադիտակը: Համակարգը կարողանում է հայտնաբերել մոտեցող արկերը, ներառյալ հակատանկային կառավարվող հրթիռները` 150 մետր հեռավորության վրա: Հայտնաբերումից հետո բաց է թողնվում կործանիչ հրթիռը, որը պայթում է մոտեցող թիրախից 10-15 մ հեռավորության վրա և շեղում վտանգ ներկայացնող օբյեկտի ընթացքը:
Նման համակարգին, վտանգ ներկայացնող թիրախի հայտնաբերումից հետո, վտանգը չեզոքացնելու համար 0,2-0,3 վայրկյան ժամանակ է անհրաժեշտ:
APS-ը կհամալրվի 70 մմ տրամաչափի հակահրթիռներով, որոնք 2300 կմժ արագություն են զարգացնում:
Հաղորդվում է, որ շուտով համակարգը կտեղակայվի Հարավային Կորեայի հիմնական տանկերի` փորձարկման փուլում գտնվող K2 Black Panther-ների վրա:
Նույն ակտիվ պաշտպանության համակարգի հիմքի վրա հետագայում կստեղծվեն նաև նավերի, ուղղաթիռների և կառավարական օբյեկտների համար նախատեսված պաշտպանական համակարգեր:
APS-ի մեկ փաթեթի արժեքը 600 հազար դոլար կկազմի:










