Ալմազբեկի շփոթմունքը. Ղրղըզստանի նախագահը սխալմամբ Ռուսաստանից պահանջել է վճարել այլ ռազմաբազայի դիմաց

12:24 • 01.03.12

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը սխալմամբ Ռուսաստանից պահանջել է վճարել Կանտի ավիաբազայի դիմաց, մինչդեռ նկատի է ունեցել իր երկրի տարածքում այլ ռուսական ավիաբազաների շահագործման դիմաց կուտակած պարտքերը: Ղրղըզական կառավարության ներկայացուցիչը «Կոմերսանտ» թերթին հայտնել է, որ ղրղըզ նախագահը թեև սխալվել է, սակայն իրականում Բիշքեկը Կանտի ավիաբազայի շուրջ ևս պահանջներ ունի Մոսկվայից:

Օրեր առաջ նույն թերթին տված հարցազրույցում Աթամբաևն ասել էր, որ Ռուսաստանը չի վճարում Կանտի ավիաբազայի դիմաց, այդ իսկ պատճառով «հարց է առաջանում` մեզ հարկավոր է արդյոք նման բազա»: Մինչ այդ, նախագահը բազմիցս հայտարարել էր, որ ռուսական կողմի պարտքը 15 մլն դոլար է:

Ռուսաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների աղբյուրները թերթին հայտնել են, որ ղրղըզ առաջնորդը կամ անուշադիր է կարդացել, կամ ընդհանրապես չի բացել ղրղըզական հանրապետության տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման պայմանների ու կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագիրը: Տվյալ փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ռուս զինծառայողները Կանտի ավիաբազայում են գտնվում անվճար հիմունքներով:

Նախագահի հայտարարած պարտքի մասին ռուս դիվանագետներն ու զինվորականներն ընդունում են, սակայն մատնանշում են, որ խոսքն այլ օբյեկտների պարտքի մասին է, որոնք վարձակալում է Մոսկվան: Այդ օբյեկտների վճարի դիմաց Ռուսաստանի ՊՆ-ը պարտավորվել է անվճար ռազմական մասնագետներ պատրաստել Ղրղըզստանի համար, ինչպես նաև ղրղըզական բանակը զինել ռազմական սարքավորումներով, սակայն 2008թ.-ին այդ պարտավորությունները չեն կատարվել:

Սակայն Ղրղըզստանը Կանտի բազայի շուրջ ևս պահանջներ ունի Ռուսաստանից: Երկկողմանի համաձայնագրի համաձայն` բազայում պետք է Ղրղըզստանի Ռազմաօդային ուժերի համար օդաչուներ պատրաստվեին, սակայն դա չի արվել: Բացի այդ, չեն վերանորոգվել Л-39 չորս ինքնաթիռները:

Ռուսաստանն արդեն հայտնել է մոտ ապագայում պարտքը վճարելու պատրաստակամության մասին: