Մենք ի՞նչ ենք Բաքվում ապացուցելու. Ալլա Լևոնյան
Երգչուհի Ալլա Լևոնյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, այս մասին այսօր հայտարարեց երգչուհին` Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ հրավիրած ասուլիսին:
Ըստ Լևոնյանի՝ սա այն տարբերակը չէ, որ հայ երգիչները գնան և Բաքվում ինչ-որ բան ապացուցեն:
«Եթե սահմանի վրա մեր եղբայրներն են զոհվում կարելի է ուղղակի արհամարհել (մրցույթը): Եվ սա այն տարբերակը չէ, որ ասում են` «գնանք, որ ապուցուցենք»: Ո՞ւմ ենք ինչ ապացուցում. մենք հաղթանակած ենք, մենք երգով չէ, որ պիտի ապացուցենք»,– ասաց երգչուհին:
«Երգով կարելի է ապացուցել շատ տարբեր տեղերում, շատ տարբեր վիճակներում: Նրանք արժանի չեն, և կարծում եմ՝ մեր այս դիրքորոշումը պետք է ընկալվի որպես արհամարհանք, այլ ոչ թե վախ, որովհետև ոմանք ասում են, որ կասեն`«վախենում են, որ չեն գալիս»»,- ասաց Ալլա Լևոնյանը:
Նշենք, որ երգի այս եվրոպական մրցույթը բոյկոտելու համար անցկացվում է ստորագրահավաք, որի տակ ստորագրել են մոտ երկու տասնյակ երգիչներ։
Անձամբ Ալլա Լևոնյանի ստորագրությունը տեխնիկական նպատճառներով չկա այդ ցուցակում, սակայն նա, ինչպես և Մրոն, նույնպես միանում են ստորագրահավաքին:
Երգչուհին հավելեց, որ ի սկզբանե դեմ լինելով մտածում էր, որ եթե պետք է` գնանք, բայց հիմա, տեսնելով մյուսների վերաբերմունքը, վստահ է, որ
«Եվրատեսիլն» ավելի բարձր չէ, քան մեր ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունը:
Ալլա Լևոնյանը նաև հիշեցրեց, որ այլ ձևաչափով ինչ-որ մասնակցության ժամանակ ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել` ասելով , որ «դրանցից» հետո, այսինքն հայերից հետո, պետք է ժավելով սրբել բեմը:
Երգչուհին նաև նշեց, որ Ադրբեջանը շոու սարքելու համար «նույնիսկ իր սրբությունների վրայով է անցնում»։
Արսեն Գրիգորյանը նույնպես համաձայն չէ, որ Հայաստանը մասնակցի «Եվրատեսիլ-2012»–ին: Ըստ նրա՝ սա «հայերիս համար կենաց մահու հարց չէ, որ էսքան ֆետիշացնում ենք»:
Լրագրողների հարցին, թե մշակույթը սահմաններ չի ճանաչում, և չգնալով կհավասարվենք ադրբեջանցիներին, երգիչները պատասխանեցին՝ ասելով, որ սա այդ դեպքը չէ։ Ալլա Լևոնյանը նաև ասաց, որ նույնիսկ եթե ցանկանանք, միևնույն է՝ չենք կարող հավասարվել «թուրքերին կամ ադրբեջանցիներին»:










