Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադայի Համայնքների Պալատի խոսնակի հետ

15:02 • 01.03.12

Փետրվարի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրին:

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, և խորհրդարանի խոսնակի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է: Նա նաև ասել է, որ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմացնում է հայատյացություն:

Հանդիպման վերջում Արմեն Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այս հարցում սկզբունքային մոտեցման համար: