Հնդկաստանն ու Բրազիլիան` աշխարհում անշարժ գույքի ամենաարդյունավետ շուկաներ
2011 թ.-ին անշարժ գույքի գներն ընկել են 22 երկրում, իսկ թանկացել`միայն 13-ում:
Global Property Guide պորտալը հետազոտություն է անցկացրել` ուսումնասիրելով աշխարհում անշարժ գույքի շուկան: Հետազոտության համար օգտագործվել են տների գների ինդեքսները` հաշվի առնելով սղաճը և աշխարհի 35 երկրների անշարժ գույքի վաճառքի ծավալների դինամիկայի վիճակագրական տվյալները:
2011թ. չորրորդ եռամսյակում գների եռամսյակային աճ է նկատվել միայն 10 երկրում, իսկ 25 երկրներում իրավիճակը թույլ է տալիս մաղթել լավագույնը:
Վերլուծաբանների կարծիքով` համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերը, սուվերեն պարտքային խնդիրների աճը, սպառողների ցածր վստահությունն ու գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մտահոգել ներդրողներին ու ճնշել շատ երկրների անշարժ գույքի շուկաները:
Եվ այսպես, անշարժ գույքի ամենաարդյունավետ շուկան ունեն Հնդկաստանն ու Բրազիլիան: Դելիում բնակարանների գները թռիչքային են աճում` միայն 2011թ. 25%-ով: Հնդկական շուկայի փորձագետները կանխատեսում են պահանջարկի հետագա մեծացում:
Երկրորդ տեղում բրազիլական Սան Պաուլուն է, որտեղ տների գները անցած տարի աճել են 20%-ով: Սպառողական ցածր գների ու Բրազիլիայում կապիտալի աճի կայունության շնորհիվ այս երկիրն անվանում են աշխարհում ներդրումների լավագույն վայրը:
Եվրոպայի առավել զարգացած երկրներում բնակարանների գների ինդեքսները, հակառակը, նվազում են: 2011թ.-ին տների գները զգալիորեն նվազել են Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում ու Շվեդիայում: Մի փոքր ավելի լավ է վիճակը Բուլղարիայում, Լիտվայում, Թուրքիայում ու Խորվաթիայում, իսկ ամենաթույլ շուկան Իռլանդիայինն է: Գերմանիայում, Իսլանդիայում, Լատվիայում ու Ուկրաինայում տների գները 2011թ. չափավոր են եղել, սակայն Նորվեգիայում, Շվեյցարիայում ու Էստոնիայում` աշխուժորեն թանկացել:
Ասիայում «համեստ» վիճակում են Սինգապուրի, Հարավային Կորեայի ու Ինդոնեզիայի շուկաները: Հոնգկոնգում «քառակուսիներն» ակտիվորեն թանկացել են, իսկ Թայվանում` ընդհակառակը, նվազել, Չինաստանում ու Ճապոնիայում` չափավոր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ շուկային, ապա այն սկսել է «կենդանության նշաններ» ցույց տալ:









