Բեոնսեն, Շակիրան մասնակցում են… ինչո՞ւ չպիտի լինենք մենք. հայ աստղերը ընտրությունների մասին
Երգչուհի Ալլա Լևոնյանը ընտրություններին քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել, բայց եթե ստանա, անպայման կմասնակցի, քանի որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ երգիչ-երգչուհիները մասնակցում են կուսակցությունների նախընտական քարոզարշավներին:
«Ի վերջո, ամբողջ աշխարհում էլ ընդունված է. և՛ Ռուսաստանում և՛ ԱՄՆ-ում, ընտրությունների ժամանակ Բեոնսեն, Շակիրան մասնակցում են… ինչո՞ւ չպիտի լինենք մենք: Եթե ես դեմ չեմ այդ կուսակցությանը, գուցե էնքան էլ կողմ չեմ, ի վերջո, քաղաքականությունից էնքան էլ չենք հասկանում, քանի որ մենք էլ մեր տեսակի մեջ ապրող մարդիկ ենք: Բայց եթե ես դեմ չեմ, նա թշնամի չէ, ինչո՞ւ չպետք է երգեմ իմ երկրի, իմ պետականության… ընտրությունների ժամանակ»,- ասաց Ալլա Լևոնյանը` այսօր երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ հրավիրած ասուլիսում:
Արսեն Գրիգորյանն էլ այստեղ հանցագործություն չի տեսնում, ինչի համար ըստ նրա` իրենց մեղադրում են լրագրողները:
«Կարծում եմ, որ բոլորս էլ լծվում ենք, և դուք` լրատվամիջոցներդ էլ եք մասնակցում։ Նայած ինչ ձևի եք լուսաբանում կամ կներեք` ում պատվերն եք կատարում, սա էնպիսի խնդիր է, որ ամեն անգամ, երբ ընտրարշավ է` լրագրողները գալիս են երգիչներին են բան անում… ես անձամբ մասնակցում եմ և ես դրանից չեմ խուսափում»:
Նշենք, որ հարցը հնչել էր այսպես. «Արդյո՞ք երգիչները այս կամ այն կուսակցության փաստացի քարոզելուց հետո անցած չորս –հինգ տարիներին իրենց պատասխանատու զգո՞ւմ են, երբ այդ քաղաքական ուժերը, որոնց համար երգում են, իրենց նախընտրական խոստումերը չեն կատարում, իսկ իրենք էլ այլ հարցերում, որոնք չեն վերաբերում քարոզարշավին, քաղաքացիական ակտիվություն չեն դրսևորում:
Բերվեց նաև ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի օրինակը, որը հրաժարվեց նկարահանվել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին քարոզող տեսանյութում:
Արսեն Գրիգորյանը հավելեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, որ հիշատակված պատասխանատվությունն ունենա, քանի որ ինքը երգում է ոչ թե խոստում տվող կուսակցությունների, այլ երգում է ժողովրդի համար:
Այսինքն, ըստ երգչի` կուսակցություններն էլ մեր իրականության մասն են. և իշխանական , և ընդդիմադիր: Ուստի երգում են, որպեսզի ժողովրդի հետ ևս մեկ անգամ հաղորդակցվեն: Ուստի, երգչի ասելով, դրա մեջ ոչ մի հանցագործություն չկա, և նա լրատվամիջոցներին հորդորեց ոչ այդքան սուր վերաբերել այդ հարցին: «Մենք չենք ելնում բեմ, ասում ընտեք այսինչ կամ այնինչ կուսակցությանը, ժողովուրդն ինքը պետք է ընտրի»,-ասա Արսեն Գրիգորյանը:
Ալլա Լևոնյանն էլ հավելեց, որ եթե երգիչը բանակում զոհված տղաների հարազատների հետ ցույց անողների կողքին չէ, ապա բանակում է, բանակում է երգում, գնում է սահման` զինվորների ոգին բարձրացնելու համար:










