«Մարտի 1» չէր լինի, եթե 2008թ. լիներ արտակարգ դրության մասին օրենք. բանավեճ

16:22 • 01.03.12

Եթե 2008թ. լիներ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք, ապա «Մարտի 1» չէր լինի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա այն կարծիքին է, որ եթե լիներ նման օրենք, ապա անկախ նրանից բանակը կմասնակցեր, թե ոչ, այդ ողբերգական իրադարձությունները տեղի չէին ունենա, քանի որ վստահ է, որ դրանք կազմակերպված չէին ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից:

«Երբեմն էդ կարգուկանոնը արգելում է «մարտի 1-ի» դեպքերի կրկնությունը ... Ւսկ ո՞վ է ասում, որ ներքին զորքերը ավելի վատ չեն մասնակցի դրան կամ որ բանակն ավելի վտանգավոր է, քան ներքին զորքերը: Իսկ ո՞վ է ասում, որ այդ օրենքը միայն ցույցերի համար է կամ միայն՝ ընդդիմադիրի համար է»,- հարցրեց հանրապետական պատգամավորը՝ ավելացնելով, որ հիմա 1990թ չէ, երբ կարելի էր գնալ և շենք գրավել:

«Եթե ամեն մի մարդ գնա ու շենք գրավի, ո՞ւր է գնալու մեր երկիրը: Այո, պետք է իշխանություններին վստահել, ասածներին վստահել»,- ասաց ՀՀԿ–ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը:

Լեռնիկ Ալեքսանյանի հետ բանավիճող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այս օրենքը հատուկ բերվել է, որպեսզի վաղը ընդդիմությունը չասի, որ Հայաստանում զինված հեղաշրջում է եղել, ինչպես 4 տարի առաջ: «Որովհետև, հանիրավի, զորքեր մտցրին Երևան և այսօր պետք է այդ օրենքը ընդունեն, որ վաղը էդ երեխեքին, որ քաղաք մտցնեն, ասեն օրենքով ենք արել»,– բացատրեց նա:

Ինչ վերաբերում է Լեռնիկ Ալեքսանյանի այն հայտարարությանը, որ նման իրավիճակներում կբավարարեին նաև Ներքին զորքերը, ապա ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ դրանք բավական չեն:
«Բանից պարզվում է, որ ներքին զորքերը, որպես կանոն, նախ թվաքանակով են զիջում և հետո «Արաբական գարունը« ցույց տվեց, որ բավական է՝ ներքին զորքերն անցնեն ժողովրդի կողմը, լինում է իշխանափոոխություն»,– ասաց նա և ավելացրեց, որ հենց «դրա համար անցկացնում են այս օրենքը»:

Ի պատասխան Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ նախագիծն ընդամենը 10 տոկոսով է վերաբերում ընտրություններից հետո հեղափոխական սցենարներին, իսկ, ահասարակ, ՀՀԿ-ն լավատես է և ընտրություններից հետո նման սցենարների չի սպասոմ: