Վարչապետն ու Ֆինանսների նախարարը փորձում են հասկանալ, թե ինչու է բարձրացել գրքի գինը

18:28 • 01.03.12

Կառավարության նիստի հենց սկզբում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրացրեց գրքերի թանկացման հարցը` ասելով, որ այսօր մի մեծ խումբ մտավորականներից, գրողներից, բանաստեղծներից նամակ է ստացել:

Հարցի առիթով նա պարզաբանում խնդրեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, ով վարչապետին զեկուցեց, որ իրենք հանդիպել ենք գիրք հրատարակողներին և գրավաճառներին և պարզաբանել, որ իրենք 2011-2012 թթ. ընթացքում գրքերի վերաբերյալ որևէ հարկային բեռ չեն ավելացրել:

«Նոր օրինագիծ կամ կառավարության որոշում, որից բխեր, որ գրահրատակության ոլորտը լրացուցիչ հարկերով է հարկվում, չի եղել։ Կա այլ օրենքի տարընթերցում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, որը վերաբերում է իրավապայմանագրային հարաբերություններին»,– ասաց Վաչե Գաբրիելյանը։

«Մենք պարզաբանեցինք, եկանք լիակատար համաձայնության հրավիրվածների հետ։ Նրանք խնդրել են պաշտոնական պարզաբանում, որն արդեն իսկ ՊԵԿ-ի հետ պատրաստել ենք և ամենաուշն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կհրապարակենք»,- ավելացրեց Ֆինանսների նախարարը։

Վաչե Գաբրիելյանը նաև ասց, որ մի շարք գրողներ պարզապես առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակության ոլորտին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե արդյոք նախարարի տված պարզաբանումներից հետո գրքի գինը կնվազի, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այդպես կլինի, որովհետև գրահրատարակիչները և գրավաճառները մեզ ասացին, որ այդ պարագայում որևէ խնդիր չեն տեսնում գնային փոփոխություն անելու համար»:

Վարչապետն ու Ֆինանսների նախարարը չբացառեցին, որ գրքերի գնի նվազում կարող է տեղի չունենալ, ինչը ըստ նախարարի, կնշանակի, որ հարցը տնտեսաիրավական հարաբերություններ է ենթադրում, որոնք որևէ կերպ պայմանավորված չեն հարկային հարաբերություններով։

«Այսինքն, ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել և տարբեր գներ են օգտագործում»,- ասաց նախարարը։

Տիգրան Սարգսյանը իր հերթին նշեց, որ հարցը լուծելու համար պետք է գնալ վերահսկողության ոլորտ։
Ի վերջո վարչապետն ու Ֆինանսների նախարարը պայմանավորվեցին, որ եթե առաջիկայում գրքի գինը չնվազի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով նախագահ Արտակ Շաբոյանին կխնդրեն ուսումնասիրել այս խնդիրը, տեսնել` արդյոք այս ոլորտում մրցակցային պայմանները բավարար են և հասկանալու, թե գրքերի գներն ինչու են հունվարի մեկից բարձրացել։