Մարտի 1-ին արտակարգ ռեժիմի օրինագծի քվեարկությունը սրբապղծության պես բան է. Ա. Արզումանյան
«Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքի նախագիծն այսօր Ազգային Ժողովում քննարկման դնել ըստ Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանի «սրբապղծության պես բան է»:
«Մարտի 1-ի օրով օրինագիծը քվեարկման դնելը ընտրություններից առաջ պատգամ է, որ «Տեսե՛ք հանկարծ այդպիսի բան մտքերներդ չանցնի, հակառակ դեպքում ոչ միայն օլիգարխների ուժերը, այլ նաև բանակը ձեր դեմ կհանենք»»,- ասաց Արզումանյանը։
Բանավեճին ներկա Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը խնդրեց համընկնումները մի կողմ թողնել և ավելացրեց, որ եթե օրենքի նախագծում հակասահմանադրական որևէ կետ կա, ապա դա միշտ կարելի է շտկել:
«Աշխարհի բոլոր երկրները օգտագործում են իրենց գործիքները բռնությամբ սահմանադրական կարգը խախտելու համար»,- նշեց նա:
Ի պատասխան Ալիկ Արզումանյանն ասաց, որ ՀՀԿ պատգամավորն ինքը խոսեց բռնության մասին: «Համամիտ եմ, որ այս օրենքն էլ պիտի բռնի ուժով իշխանություններն օգտագործեն, կեղծեն ընտրությունները, քանի որ հենց իրենք են հարձակվել խաղաղ ժողովրդի վրա, սպանդ ու ջարդ արել, զուտ վերարտադրման և սպասարկման համար»:
Ընդհանուր առմամբ Արզումանյանը դեմ չէ, որպեսզի այս հարցը կարգավորվի օրենքով, սակայն, ըստ նրա, դա պետք է արվեր ոչ թե ընտրություններից երկու ամիս առաջ, այլ նոր խորհրդարանի ձևավավորումից հետո միայն:
Մկրտիչ Մինասյանը հակադարձեց՝ ասելով, որ օրենքը նախատեսված է ոչ միայն ցույցերի ու երթերի, այլև արտակարգ ռեժիմի դեպքում նաև դրսի վտանգները դիմակայելու նպատակով:









