Իշխանությունը չի կարող ամեն ինչ միանգամից լուծել. Լեռնիկ Ալեքսանյան
Իշխանությունը չունի քաղաքական փայտիկ՝ միանգամից լուծելու բոլոր խնդիրները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ եթե ուզում ենք լուծել խնդիրները , ապա պետք է ոչ թե իշխանություններին վարկաբեկենք, այլ վստահենք:
Նա նաև նշեց, որ ոչ մի քաղաքական ուժի մեջ չկան ոչ հրեշտակներ, ոչ սատանաներ և ամեն տեղ էլ կան մարդիկ, որոնք մտածում են ազգի ու պետության մասին և մարդիկ, ովքեր պատահեպաշտ են:
Դիմելով իր հետ բանավիճող Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ «ալան-թալանի» մասին Եղիազարյանի գնահատականները որոշ մասով կիսում է, բայց համաձայն չէ, որ այս մասին ասեն մարդիկ, որոնք իրենք են ժամանակին զբաղվել թալանով:
«Եթե էսօր գողացած միլիոնները ինչ-որ տեղ օրենքի սահմաններում են, ապա այն ժամանակ իրոք թալան էր»,- ասաց ՀՀԿ-ականը:
Գուրգեն Եղիազարյանը ևս կախարդական փայտիկին չի հավատում, բայց արձանագրելով, որ Սերժ Սարգսյանի երդմնկալությունից չորս տարի է անցել հարցրեց.« Հնարավո՞ր էր մի քանի հոգու ախորժակը մի քիչ … անանուխով, բանով կանգնեցնել… քացախով: Էդ, որ ասում եք՝ լափելու մասին: Կամ ասել, որ «տզրուկի պես մի՛ կպեք էս ժողովրդի ջանից, տեսնում եք, որ Հայաստանը հայաթափվում է»»:
Ըստ ՀԱԿ անդամի՝ պետք է «վերացնել մոնոպոլիտկան կապիտալիզմը», «գների այս թելադրանքը», «ապահովել, որ միջին տնտեսվարողը կարողանա զարգացնել իր բիզնեսը»:
Նա մատնանշեց ԱՄՆ-ին և Եվրոպային պարտք տվող Չինաստանի զարգացման օրինակը, որը մինչև իր բարեփոխումներն «ամեն տարի տասը միլիոն սովից մահացած երեխա էր թաղում»: «Կադաֆիին «քացու տակ» գցեցին, բառիս բուն իմաստով՝ սատակացրեցին, հետո գլխին կրակեցին նրա համար, որ ասում էին՝ «սա մեր նավթը լափում ա»: «Էդ շան տղեն էլ նավթի վաճառքի 92%-ը մտցնում էր պետբյուջե»:
Լիբիայի օրինակը ընդդիմադիր քաղաքական գործչի կողմից պատահական չէր, քանի որ ասաց, որ Հայաստանի «նավթն էլ» մեր մոլիբդենն է, որի անգամ 2-3%-ը չի մտնում պետական բյուջե:









