Եղջերուն փրկել է ամերիկուհու կյանքը

17:30 • 01.03.12

ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում եղջերուն երիտասարդ մի կնոջը փրկել է հանցագործի «ճիրաններից»: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, երեկույթից տուն գնալու ճանապարհին կնոջ վրա է հարձակվել մի տղամարդ, տարել նրան մի մութ անկյուն և փորձել խեղդել:

Կնոջ աղմուկը հավանաբար արթնացրել է ոչ հեռու քնած եղջերուին:Կենդանին վեր է թռել և հարձակվել տղամարդու վրա, ինչի արդյունքում նա փախուստի է դիմել:

Փրկված կինը նորից ետ է գնացել երեկույթի և կատարվածի մասին պատմել ներկաներին:

Ոստիկաններին չի հաջողվել բռնել հանցագործին, քանի որ կինը չի կարողացել մանրամասն նկարագրել հանցագործի արտաքինը:

Ոստիկանությունից հայտնել են, որ իրենք նման պատմություն առաջին անգամ են հանդիպում: