Արտակարգ դրության մասին օրինագիծն ընդունվում է առաջին ընթերցմամբ

13:49 • 01.03.12

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ձայների 67 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած որոշումը:

Խորհրդարանական ընդիմությունն օրինագծի քվեարկությանը այդպես էլ չմասնակցեց:
Մինչ օրինագծի ընդունվելը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Լրագորղները հետաքրքրվեցին, թե արդյոք քվորումի բացակայությունն էր ընդմիջման պատճառը, որին ի պատասխան Գալուս Սահակյանն ասաց, որ տարաձայնություն է եղել կոալիցիայի միջև , որը հարթվել է:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը քվեարկության ժամանակ ոտքի վրա կանգնած հետևում էին, որպեսզի կրկնաքվեարկողներ չլինեն: Դա դուր չեկավ հանրապետական Մանվել Բադեյանին, ով ասաց. «Ես չեմ սիրում որ իմ գլխին բանտապետ են կարգում»:

Օրինագծի ընդունումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Լարիսա Ալավերդյանն ափսոսանքով նշեցին, որ կրկնաքվեարկությունը դեռ շարունակվում է, և դա տեղի է ունենում այն դահլիճում, որտեղ պետք է օրենք ընդունվի:

Ազգային ժողովն այժմ քննարկում է «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների» մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Նշենք, որ այսօրվա նիստի մեկնարկից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի մեկին զոհվածների հիշատակը: