Սիրիայի իշխանությունները Կարմիր խաչին թույլ են տվել մտնել Հոմս
Սիրիայի իշխանությունները համաձայնեցրել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության աշխատակիցների կողմից Հոմսի քաղաքի Բաբա Ամր թաղամաս մարդասիրական օգություն հասցնելու հարցը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով կազմակերպության մամուլի ծառայության հայտարարությանը:
«Սիրիայի Կարմիր մահիկին երկրի իշխանությունները Բաբա Ամր թաղամաս մուտք գործելու «կանաչ լույս» են տվել, որ այնտեղ հասցվի անհրաժեշտ օգնությունը` ներառյալ սննդամթերք և դեղամիջոցներ, ինչպես նաև տարհանման գործողություն իրականացվի», - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Սիրիական բանակը ամբողջությամբ հսկողության տակ է վերցրել Հոմս քաղաքի` հակակառավարական ուժերի պատվար համարվող Բաբա Ամր թաղամասը: Անցած շաբաթ հենց այս թաղամասում հրետակոծության ժամանակ զոհվեցին արևմտյան երկու լրագրողներ` ամերիկուհի Մերի Քոլվինն ու Ֆրանսիայի քաղաքացի Ռեմի Օշլիքը:
Ընդդիմության վստահեցմամբ` սիրիական իշխանությունները շաբաթներ շարունակ գնդակոծություների են ենթարկել Հոմսը, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև բախումները: ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալի համաձայն` այս ընթացքում զոհվել է ավելի քան 7.500 մարդ:









