«Մարտի 1»-ը մնում է չբացահայտված. «Ժառանգություն»

18:09 • 01.03.12

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ 2008թ. մարտի 1–ի դեպքերի հետևանքով զոհվածների հարազատների ցավը մնում է չամոքված, իսկ ոճիրի պատասխանատուները դեռ չեն կանգնել արդարադատության առջև:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` «Մարտի 1»-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի և բանակի ապօրինի ներգրավման արդյունքում ևս 2 զինվորականի կյանքը: Հանուն մի քանի իշխանավորների աթոռներն անսասան պահելու և դրանք յուրայիններին փոխանցելու` գործող վարչակարգը հարյուրավոր քաղաքացիների պատճառեց մարմնական, այդ թվում հրազենային վնասվածքներ:

2008-ից չորս տարի անց մարտիմեկյան զոհերի հարազատների ցավը մնում է չամոքված, ոճիրի պատասխանատուները տակավին չեն կանգնել արդարադատության առջև: Ոճիրը հետաքննող միջազգային ատյանների ճնշման ներքո ձևավորված Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցումը հստակ ցույց տվեց մարդասպաններին բացահայտելու` իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: Իսկ վերջերս կառավարության կողմից Ազգային ժողով բերված օրենքի նախագծով նման դեպքերում բանակի հակասահմանադրական ներգրավումն օրինականացնող փաստաթուղթը ակնհայտ է դարձնում հետագայում ևս հակապետական այսօրինակ գործողությունները կրկնելու` իշխող կոալիցիայի անսքող մտադրությունը:

«Ժառանգությունը» սգում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ միասին` հայտարարելով, որ մինչև վերջ պահանջելու է հանցագործության բացահայտումը և հետամուտ է լինելու, որպեսզի խնդրի արդարացի հանգուցալուծումը դառնա նոր իշխանության առաջնահերթություններից մեկը: «Մարտի 1» իրագործած և մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի: Սա է օրվա պատվիրանն ու հրամայականը»: