ԱՄՆ-ը հստակ պատկերացում չունի, թե ինչ է սիրիական ընդդիմությունը. Քլինթոն
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները մինչ այսօր չունի հստակ պատկերացում` ինչ է իրենից ներկայացնում Սիրիայի ընդդիմությունը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովներից մեկում լսումների ժամանակ, նա զուգահեռներ է անցկացրել Լիբիայում կատարվածի և Սիրիայում ներկա իրավիճակի միջև` համեմատելով երկու երկրների ընդդիմադիր ուժերը:
«Լիբիայում ընդդիմությունը հսկողության տակ էր առել որոշակի տարածք` Բենգազին: Այն ուներ դեմք` մարդիկ, որոնք դիվանագիտական կապերի մեջ էին մտնում, և մարտիկներ: Իրականում մենք կարողանում էինք հանդիպել նրանց հետ, տալ նրանց սուր հարցեր: Սակայն, երբ «Ալ Քաիդա»-ից Այման ազ-Զավահիրին հանդես է գալիս սիրիական ընդդիմության աջակցության օգտին, հարց է ծագում ` ո՞ւմ ենք մենք զինում, երբ զենքի մատակարարման մասին որոշում ենք կայացնում, ինչպե՞ս մենք պետք է այդ զենքը տեղ հասցնենք, ի՞նչ օգուտ կտան ինքնաձիգները տանկերի դեմ», - ասել է նա:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Լիբիայի բանակն անհամեմատելի է Սիրիայի զինված ուժերի հետ:
«Լիբիան, իրականում, նույնիսկ բանակ չի ունեցել: Տրիպոլիի նախկին կառավարությունն ունեցել է անկանոն ուժեր, որոնք գտնվել են Մուամար Կադաֆիի որդիների և նրա մերձավորների հրամանատարության տակ», - ասել է նա` հավելելով, որ Սիրիան ունի «աշխարհի ամենալավ հակաօդային պաշտպանության համակարգով համալրված բանակը»:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտից բախումներ են տեղի ունենում Սիրիայի կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների մջև: Ըստ ՄԱԿ-ի նոր տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 7.500 մարդ:









