«Այն ինչ ես տեսա մարտի 1-ի գիշերը, թող այլևս չկրկնվի». Լևոն Թոքմաջյան

15:01 • 01.03.12

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ցանկանում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ը այլևս երբեք չկրկնվի ՀՀ պատմության մեջ։

«Այն ինչ ես տեսա մարտի 1-ի գիշերը, թող այլևս չկրկնվի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հիշելով 2008 հետընտրական դեպքերը, որոնց ժամանակ տասը մարդ սպանվեց:

«Դրանք ողբերգական իրադարձություններ էին: Երբ հայը հայի դեմ է դուրս գալիս ավելի վատ բան չկա: Մեզ համար մեր ցանկացած հայի կյանքը թանկ է: Դա միայն աթոռակռիվ էր»,– ավելացրեց նա։

Լևոն Թոքմաջյանը ցավով նշեց, որ հայ ժողովուդը դյուրահավատ է ցանկացած հարցի շուրջ: «Երբ ես Հայաստանից դուրս եմ գալիս տեսնում եմ, որ Հայաստանը թույլ է տկար է։ Ո՞նց անենք որ ուժեղ պետություն դառնա: Ուժեղ լինելու համար նախ պետք է ժողովուրդը ուժեղ լինի, իսկ դա սոցիալական վիճակից է գալիս»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր քաղաքական գործիչները զբաղված են ոչ թե իրենց բուն պարտականություններով, այլ կրկին խորհրդարան մտնելու ելքեր են փնտրում:
Մամուլիս ասուլիսին ներկա քաղաքագետ Արթուր Աթանեսյանը մարտիմեկյան դեպքերը Հայաստանի համար որակեց որպես «մեծ մինուս»:

«Սա առաջին հերթին ցույց է տալիս, որ այստեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն: Հասարակությունը և իշխանությունը պետք է կարողանան միմյանց հետ շփվել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հենց այդ շփման բացակայությունն է բախման առիթ դառնում:

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ ընդդիմություն–իշխախություն հակադրությունը դրական երևույթ է, պարզապես հարցն այն է, թե այն ինչպես է դրսևորվում:

«Օրինակ՝ եթե վերցնենք Ռուսաստանը նախագահը ունի իր սեփական բլոգը, որտեղ ցանկացած մարդ կարող է իր կարծիքը գրել, այսինքն այն ունի արտահայտվելու հնարավորություն: Իշխանությունն այսօր զրկել է մեր հանրությանը հենց դրանից: Հեռուստատեսությունը միակողմանի է աշխատում, չկան այնպիսի հաղորդումներ, որտեղ մարդիկ զանգելու և իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունենան»,- ասաց նա և ավելացրեց, որ իշխանությունը պետք է տիրապետի հասարակության հետ շփման հմտություններին: