Մարգար Օհանյանի հերթական դատական նիստը` մարտի 13-ին

14:29 • 01.03.12

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը:

Բանն այն է, որ այսօր դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը, որը դիմում էր ներկայացրել դատարան հիվանդ է և խնդրում է դատարանին հետաձգել դատական հերթական նիստը:

Դատավոր Մխիթար Պապոյանը գտավ, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ չկա դիմումին կից ուրիշ փաստաթուղթ, սակայն դատական նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 13-ը:

Դատարանը գտավ, որ անհարգելի է պաշտպանի բացակայությունը, քանի որ հիվանդությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացվել: Մեղադրյալ Ստեփան Կարախանյանն էլ ասաց, որ առավոտյան է իմացել իր պաշտպանի անկողնում գտնվելու և ջերմելու մասին: Բայց քանի որ առանց պաշտպանի հնարավոր չէր շարունակել դատական նիստը, այն հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաև ՀՀ ՃՈ տնտեսական բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը, և ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացում կատարելու մեջ:

Մարգար Օհանյանը մինչ օրս իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունել, և գտնում է, որ այդ ամենը շինծու է և իր «գլխին սարքել են»: Այսօրվա դատական նիստի ժամանակ պետք մեղադրական ճառով հանդես գար Հարություն Հարությունյանը: