Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց (լուսանկարներ, տեսանյութ)

18:04 • 01.03.12

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը: Հրապարակն արդեն մարդաշատ է: Ցուցարարաներն այստեղ են եռագույններով, ինչպես նաև մարտի 1-ի 10 զոհերի նկարներով: 

Հանրահավաքի մեկնարկը ավանդաբար տվեց Նիկոլ Փաշինյանը, ով հավաքվածներին կոչ արեց ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափերով  հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչը ընդունվեց։ Այնուհետև Փաշինյանը անուն առ անուն թվարկեց 10 զոհերի անունները։

ՀԱԿ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա ներկայացրեց այս 4 տարիների ընթացքում իրենց որդիների սպանության գործերը, որտեղ ըստ նրա ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Նա ներկայացրեց բոլոր այն դատական համակարգերն ու ընթացակարգերը, որոնց միջով անցել են և այդպես էլ արդյուքն չեն գրանցել:

«Միջազգային ճնշման տակ մեր զավակների արյամբ իշխանությունը զավթած անձը հավաքեց ուժային կառույցներին և պահանջեց նոր թափ հաղոդել գործին: Մինչդեռ այս ամենը ձևական էր և ընդամենը սին շոու` ուղղված ԵՄ կառույցներին: Ոչ, Սերժ Սարգսյան, մեր երկիրը բոլորվին էլ ժողովրդավարկան չէ, ինչպես ցանկանում ես ներկայացնել։ Մեր երկիրը ճորտատիրական և ստրկատիրական երկիր է: Ամոթ ձեզ»,- նշեց նա:

Նա 10 զոհերին համեմատեց Հրանտ Դինքի սպանության հետ և նշեց, որ եթե մշտապես խոսվում ու դատպարտվում է այդ սպանությունը, ապա ոչ մի խոսք չի ասվում հայի ձեռքով սպանվածների մասին:

 Նշենք, որ այսօր ելույթով հանդես կգա նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով արդեն Ազատության հրապարակում է։

Հիշեցնենք, որ այս հանրահավաքը ի սկզբանե նախատեսված էր փետրվարի 17-ին, բայց եղանակային պայմանների պատճառով հետաձգվեց։

Հանրահավաքից հետո նախատեսված է երթ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյան արձանին հարող՝ Մոսկվայի հրապարակ, որտեղ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ արյունալի իրադարձությունները ։
Երթի մասնակիցները Մյասնիկյան արձանի պատվանդանին ծաղիկներ կդնեն ի հիշատակ մարտի 1-ի 10 զոհերի։