Գերմանիայի երիտասարդ մուսուլմանների 25%-ը դեմ է ինտեգրմանը

21:47 • 01.03.12

Գերմանիայի ներգաղթյալ մուսուլմանների երիտասարդության 25%-ը դեմ է հասարակական ինտեգրմանը, հաղորդում է Bild պարբերականը` հղում ամելով երկրի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխին, նշելով որ` գերմանական արժեքների ընդունման դեմ հատկապես խիստ դիրքորոշում ունեն քաղաքացիություն չունեցող ներգաղթյալները:

Գերմանիայի ՆԳՆ-ի ուսումնասիրության համաձայն, քաղաքացիություն չունեցող 14-35 տարեկան գերմանաբնակ մուսուլմանների 24%-ը ծայրահեղ կրոնապաշտ են և արևմտյան արժեքներին բացասաբար են վերաբերվում: Նույն տարիքային խմբի, քաղաքացիություն ստացած մուսուլմանների միայն 15%-ն ունի հակաարևմտյան դիրքորոշում:

Գերմանիայում, ընդանուր հարցված մուսուլմանների 22%-ը արևմտյան արժեքներին բացասական վերաբերմունք են արտահայտել: Իսկ քաղաքացիություն չունեցող մուսուլմանների շարքում, արևմտյան արժեքներին դեմ արտահայտվողների թիվն ավելի մեծ է` 48%:

Երկրի ներքին գործերի նախարարի խոսքերով, Գերմանիան հարգում է ներգաղթյալների մշակութային առանձնահատկությունները, սակայն չի ընդունում հակաժողովրդավարական, ավտորիտար և ծայրահեղական կրոնական միտումները:

«Ազատության և ժողովրդավարության դեմ պայքարողները մեր երկրում ապագա չունեն», - հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը: