Նազարբաևը գիրք կգրի, թե ինչպիսին պետք է լինի նախագահը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է երիտասարդության համար գիրք գրել այն մասին, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի նախագահը:
«Ինձ, հատկապես երիտասարդ միջավայրում, անընդհատ հարց են տալիս, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի նախագահը: Իմ փորձից ելնելով` ես որոշել եմ գիրք գրել և ինչ-որ բան թողնել երիտասարդությանը», - ասել է ղազախ նախագահն ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է ca-news.org-ը, Նազարբաևն ուսանողներին ասել է, որ նախագահն առաջին հերթին պետք է ունենա լավ կրթություն և «շատ կարդացած» լինի, որպեսզի կարողանա դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից:
«Ներկայիս Ղազախստանում անպայման պետք է տիրապետել 2-3 լեզվի: Նախագահը պետք է նաև տնտեսությունից գլուխ հանի, իմանա բազմազգ պետության իմաստը», - ասել է նա:
Նազարբաևը հեղինակ է մի շարք գրքերի` «21-րդ դարի շեմին», «Աշխարհի էպիկենտրոնը», «Ղազախական ուղին», «Եվրասիայի սրտում», «Պատմության դասերն ու արդիականությունը»:









