Օմբդուսմենը կառավարությանը խնդրում է չեղարկել Սյունիքի հողերի մասին որոշումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարությանը խնդրում է անվավեր ճանաչել 627-Ն որոշումը, որով ենթադրվում է, որ պետք է փոխվի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի որոշ տարածքների կարգը, այս մասին հաղորդում է «Էկոլուր» կայքը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում, օմբուդսմենը խնդրում է անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» կառավարության 2011թ. ապրիլի 28-ի որոշումը:
Նամակի մեջ մասնավորապես նշված է. ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, մասնավորապես` հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը:
Հանրային գերակա շահ ճանաչելու փուլում այս սկզբունքների պահպանումը թերևս դրվում է կասկածի տակ այն իմաստով, որ քանի որ չի կատարվում ուսումնասիրություն մինչև հանրային գերակա շահի ճանաչումը, հնարավոր չէ փաստել, որ հանրային շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից կամ սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառի սեփականատիրոջը»,-ասված է նամակում:
Մարդու իրավունքների պաշտպանը կառավարությանն առաջարկում է ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը մինչև հողատարածքի նկատմամբ հանրային գերակա շահի ճանաչումը, համապատասխան մարմիններից պարզել, թե կան արդյոք Քաջարան համայնքի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքացիներին վարձակալության կամ սեփականության իրավունքով պատկանող հողամասեր:









