Ռումինիան այլևս դեմ չէ Սերբիայի` ԵՄ անդամակցությանը
Ռումինիան` որը վերջին երկիրն էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու` Սերբիայի ճանապարհին, հանել է իր առարկությունները, այս մասին ԻՆՏԵՐՖԱՔՍ-ի հաղորդմամբ, ԵՄ գագաթնաժողովի կուլուարներում եվրոպական դիվանագետները հաղորդել են լրագրողներին:
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Սերբիային` Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն դեմ չի քվեարկի:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել էր, որ այս շաբաթ հնարավոր է Սերբիային եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրվի: Նրա խոսքերով` Բրյուսելում կայացած նախարարական հանդիպման ընթացքում, նա և իր գործընկերները եկել են այն եզրահանգման, որ Սերբիայի հայտին դրական ընթացք տալու համար ոչ մի խոչընդոտ այլևս չկա:
Հիշեցնենք, որ եղած խոչընդոտները հարթվեցին այն ժամանակ, երբ Բելգրադը և Կոսովոյի հանրապետության ղեկավարությունը կարողացան համաձայնության գալ մի շարք վիճելի խնդիրների (տարածաշրջանային համագործակցության և սահմանների վերահսկման) շուրջ: Պրիշտինայի և Բելգրադի միջև կապերի ամրապնդումը դիտարկվում է որպես ԵՄ-ին անդամակցության բանակցություններում առաջընթացի անհրաժեշտ, ելակետային պայման:









