Փարիզում նշել են Սումգայիթի ջարդերի 24–րդ տարելիցը

18:50 • 01.03.12

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած «Ճշմարտություն եւ կեղծիքներ» խորագիրը կրող հանդիպման մասնակիցներն ամփոփել են միջոցառումների շարքը` նվիրված Սումգայիթի ջարդերի 24-ամյա տարելիցին:

Ըստ ԼՂՀ Արտգործնապարարության հաղորդագրության՝ Ֆրանսիացի պատգամավորներ Ռիշար Մալիեի, Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցիյանի հրավիրած հավաքը համախմբել էր հասարակական-քաղաքական տարբեր գործիչների: Նրանց թվում են եղել ֆրանսիացի խորհրդարանականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Եվս մեկ անգամ հիշելով Սումգայիթում եւ մյուս քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը՝ ներկաները դատապարտել են Ադրբեջանի մինչ օրս շարունակվող մերժողական քաղաքականությունը եւ դեռ ավելին` Խոջալուի ողբերգությունը իր սեփական քարոզչությանը ծառայեցնելու անխնա ջանքերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաեւ Ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի մագազին» («Հայաստանի լուրեր ամսագիր») պարբերականի հեղինակած «Հայերի ջարդերը Ադրբեջանում, 1988-1992» գրքույկը, որը բաժանվելու է ֆրանսիացի խորհրդարանականներին, լրագրողներին, իրավապաշտպան կազմակեր-պություններին:

Հանդիպման վերջում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը Արցախի բարեկամ պատգամավոր Ռիշար Մալիեին հանձնել է ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված հուշամեդալ: