Հայաստանում մեկնարկում է Թվինինգ ծրագրի հերթական փուլը

12:20 • 01.03.12

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մեկնարկեց Թվինինգ ծրագրի շրջանակներում ծրագրային առաջարկների ներկայացման գործընթացի հերթական փուլը։

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց ծրագրի գործառությունը Հայաստանում։

«Ծրագրի նպատակն այն է, որ ԵՄ անդամ երկրներից մեկից կամ երկուսից որոշակի կառույցի համար ժամանում է ոլորտի մասնագետ և պրակտիկ աջակցություն է ցույց տալիս ուղղված կառույցի գործունեության բարելավմանը»,- ասաց նա։
Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ Թվինինգ ծրագրերի շրջանակում ԵՄ անդամ երկրներից որևէ մեկից ժամանած մասնագետը շուրջ երկու տարի տվյալ կառույցում ամենօրա աշխատանք է կատարում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հարևանության և գործընկերության ծրագրի շրջանակներում: Այսօր կայացած միջոցառման նպատակն էր բոլոր գերատեսչություններին և կառույցներին տեղեկացնել Թվինինգ ծրագրի իրականացման նպատակն ու ընթացակարգերը:

Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 20-ը:
Ներկայում արդեն ավարտված է մեկ Թվինինգ ծրագիր, ևս 14 ծրագրեր գտնվում են իրականացման տարբեր փուլերում:
Ծրագիրը Հայաստանում գործնականում սկսել է իրականացվել 2009-ից: