Վատիկանում ցուցադրվել են պատմության չբացահայտված կողմերը

11:12 • 01.03.12

Մինչ այժմ գաղտնի պահված մի շարք փաստաթղթեր են ներկայացղվել Վատիկանում: Դրանց գոյության մասին իմացել են միայն բարձրաստիճան հոգևորականներն ու որոշ գիտնականներ, տեղեկացնում է vesti.ru-ն:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Վատիկանի պահոցի 400-ամյակի կապակցությամբ: Որքան էլ զարմանալի է` այս միջոցառման գովազդն ապահովել է ամերիկացի գրող Դեն Բրաունը, որին Վատիկանում «տանել չեն կարողանում»:

Ընդհանուր առմամբ` ցուցադրված շուրջ 100 նմուշներում ներկայացված է 15 դարերի պատմություն, ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները:

Հատկապես հիշատակման արժանի են` Գալիլեո Գալիլեյի ստորագրությամբ դատավճռի փաստաթուղթը, որն արվել է նրան ինկվիզիցիայի ենթարկելուց առաջ, 13-ամյա Մոցարտի պարգևատրման հրամանը, Ջորդանո Բրունոյի դատավարությանն առընչվող փաստաթղթեր և այլն:

«Հարցը փաստաթղթերի քանակի մեջ չէ, այլ` դրանց որակի, այստեղ ամեն ինչ կա, հին Եվրոպայից մինչև Ասիա, Ամերիկայի հայտնաբերումից մինչև 2-րդ Համաշխարհային պատերազմ», - ասել է Վատիկանի պահոցի պատասխանատու Սերջիո Պագանոն:
 

 

Վատիկանում ցուցադրվել են պատմության չբացահայտված կողմերը