Մոսկվայում սպանված Իրինա Զիրոյանը Օրեխովյան խմբավորման պարագլխի այրին էր
Մոսկվայում սպանված գործարար Իրինա Զիրոյանը եղել է Oրեխովյան հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկի` Գևորգ Զիրոյանի այրին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրավապահների:
Ինչպես հաղորդել էր Tert. am-ը, Մոսկվայի «Տանուկի» ճապոնական ռեստորանների ցանցի սեփականատեր, 52-ամյա Իրինա Զիրոյանը սպանվել է սեփական ռեստորանից դուրս գալու ժամանակ: Ստացած հրազենային վնասվածքներից գործարար կինը տեղում մահացել է, իսկ նրա 43-ամյա թիկնապահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում:
Գևորգ Զիրոյանը սպանվել է 2003թ.-ին:
«Ամուսնուց հետո, նա ստացել է բավական լավ ժառանգություն, այդ թվում` բաժնետոմսեր տարբեր ընկերություններում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Սակայն, նրա խոսքով, Զիրոյանի նախկին «ընկերները» դրանք համարել են խմբավորման սեփականությունը և կնոջից գումարներ շորթել:
«Անցած տարի հարձակում է կատարվել նաև կնոջը պատկանող խանութներից մեկի վրա, որի ընթացքում հանցագործները սպանել են Զիրոյանի որդուն: Այդ հանցագործությունը բացահայտվել է, և անմիջական մարդասպանը դատապարտվել 18 տարվա ազատազրկման», - ասել է աղբյուրը:
Կես տարի առաջ հանցագործներն այրել էին նաև կնոջ երկու ավտոմեքենաները:









