Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը «աշխարհի վերջը» չէ. Անուշ Հովհաննիսյան

14:59 • 02.03.12

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչումը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «աշխարհի վերջը» չի համարում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի Սենատի կողմից այդ օրինագծի ընդունումից հետո տված ասուլիսում էլ նշել էր, որ այդ կապակցությամբ «Էյֆորիայի մեջ ընկել պետք չէ»:

«Ասել էի, որ սա քաղաքականություն է, որտեղ մեր և Ֆրանսիայի շահերը պարզապես համընկնում էին»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը նույնպես ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր: «Իրավական առումով այն շատ փխրուն և խճճված է»,- կարծում է նա:

Անուշ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս չհիասթափվել Սահմանադրական խորհրդի որոշումից, այլ ավելի ակտիվ և նախաձեռնող լինել։

Թուրքագետի համոզմամբ՝ պետք չէ հանդես գալ պատասխանողի դերում, մանավանդ, որ վերընտրվելու դեպքում ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին կփորձի կատարել խոստումը:

Սարկոզիի հիմնական մրցակից Ֆրանսուա Հոլլանդը ևս կողմ է այս օրինագծին: