Սա եղավ արժանապատիվ ապրո՞ւստ. «Սպառողների միության» նախագահ
Հայաստանի միջին սպառողն իր եկամուտների 60 տոկոսը տալիս է սննդին, իսկ մնացած 40 տոկոսի 20-22 տոկոսը տալիս է կոմունալ և այլ ծառայություններին, ինչը նշանակում է, որ միջին սպառողի բյուջեում չմնաց գումար գիրք գնելու, թատրոն հաճախելու: Այս տվյալները «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանինն են: «Սա եղավ արժանապատիվ ապրո՞ւստ»,-լրագրողների հետ հանիպմանը հարց բարձրացրեց Արմեն Պողոսյանը:
Համեմատության համար սպառողների իրավունքների պաշտպանը ներկայացրեց քաղաքակիրթ աշխարհում առկա համանման տվյալները` Իսրայելից մինչև Եվրոպական երկրներ:
«Եթե ընտանիքը 25 տոկոսից ավել է ծախսում է սննդի վրա, դա համարվում է աղքատության շեմ, և այդ ընտանիքը անմիջապես ներգրավվում է տարբեր սոցիալական ծրագրերում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նախորդ և այս տարի Հայաստանում պարենային սնդամթերքի թանկացմանը «պառողների միության» նախագահը առաջարկում է անդրադառնալ ընդհանուրից մասնավորին գալու սկզբունքով, քանի որ ասաց, որ թեև` նախորդ տարի ապրանքները թանկացել են 4, 5 տոկոսով, բայց սննդամթերքը` 14, իսկ առանձին խմբեր՝ 20-25 տոկոսի սահմաններում:
Արմեն Պողոսյանը հոգնել է Ազգային վիճակագրության ծառայությանը առաջարկելուց, որ վերլուծություններ արվեն առանձին ապրանքների և ծառայությունների մասով , որոնցից պարզ դառնա աղքատության շեմը, մարդկանց վճարունակությունը առանձին ծառայությունների և ապրանքների առումով:
Եվ չնայած նրանք միշտ մեժում են` ասելով, որ դա եվրոպական մեթոդիկա է, Արմեն Պողոսյանը պնդում է նման ուսումնասիրության անհրաժեշտությունը:
«Ապրանքներ կան, որոնք հայ մարդը 1 անգամ կամ 0 անգամ է Հայաստանում գնում, և հետևաբար, սա խճճում է ընդհանուր պատկերը»,– ասաց Արմեն Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի պարենային շուկայում ընդհանուր պատկերին, ապա, ըստ բանախոսի, որպես կանոն, այստեղ ակտիվությունն ուղեկցվում է «պիկերով» կամ անկումներով, սակայն ընդհանուր միտումը սպեկուլիացիային հակվածությունն է: Օրինակ, Գյումրիում վերջին օրերին անհասկանալի պատճառով շուրջ քսան տոկոսով թանկացավ հացը, ինչի պատճառները պարզելը անգամ «պառողների միության» համար բարդ է` հաշվի առնելով այն «մանիպուլիացիաները», որ ուղեկցում են ադ գործընթացները: Արմեն Պողոսյանն անձամբ հակված է մտածելու, որ պատճառը եղանակային պայմանների հետևանքով ճանապարհների փակ լինելն է:
Հարցին, թե Հայաստանում գնագոյացման գործընթացը սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ գործոն է, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Եթե շաքարավազը Հայաստան ներկրում է մեկ մարդ 98 տոկոսով, իսկ մնացած 2 տոկոսը էլի նույն մարդը ուրիշ ազգանունով, ի՞նչ մրցակցության մասին է խոսքը»:









