Հրատարակիչները հակադարձում են գրքերին առնչվող օրենսդրության մեջ «որևէ կետ» չփոխելու՝ կառավարության պնդմանը
Չնայած կառավարության հայտարարությանը, որ գրահրատարակության ոլորտում Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել և կառավարության կողմից գրքերի հարկման որևէ նոր դրույքաչափ չի բարձրացվել, մայրաքաղաքի մի շարք գրախանութներում երեկ պահպանվում էին բարձր գները: Այս մասին երեկ Tert.am-ին հայտնած պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց նաև, որ բավարարված չէ պատասխանից, որը տրվել է ֆինանսների նախարարի կողմից՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:
Նշենք, որ ըստ որոշ գնահատականների՝ գրքերի գինը մեկ օրում թանկացել է 20 տոկոսով:
«Բուկինիստ» գրախանութն այն եզակիներից է, որտեղ գրքերի գները դեռ չէին բարձրացել, սակայն անխուսափելիորեն բարձրանալու էին: Այս մասին Tert.am–ին հայտնեց գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը օրերս հայտարարեց, որ 2011թ.-ի ընթացքում գրքերին առնչվող օրենսդրության մեջ «որևէ կետ» չի ավելացվել, պարզապես օրենքի հետ կապված ինչ-ինչ տարընթերցումներ կան, որոնք բացարձակապես չեն վերաբերում գրահրատարակությանը:
Խաչիկ Վարդանյանը հայտնեց, որ կառավարության մեկնաբանությունը սխալ է, որովհետև փոփոխություն եղել է: «Ամեն մի գրագետ մարդ կարող է մտնել կայքերը և տեսնել փոփոխոխությունը, որը վերաբերում է գրքին՝ «Ավելացրած արժեքի մասին հարկի» օրենքում՝ կոմիսիոն փոփոխությունների բաժնին»:
Խաչիկ Վարդանյանի պարզաբանմամբ՝ եթե նախկինում ԱԱՀ էին վճարում միայն իրենց գանձույթից, ապա հունվարի մեկից հետո պետք է հարկ վճարեին ամբողջ վաճառքի գնից: Սակայն կառավարության հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ գրախանութները գիրքն ընդունեն նախկին կանոններով և «այդ մասին նորից կետ կստեղծվի»:
«Բուկինիստ» գրախանութի տնօրենը նաև նշեց, որ օրենքը տարածվում է ոչ միայն գրքերի, այլ բազմաթիվ ապրանքների վրա, որոնք կարող են թանկանալ՝ սկսած հագուստից մինչ հրուշակեղենը:
Հիշեցնենք, որ երեկ «Դեմ ենք գրքի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամները` մի խումբ գրողներ նամակ էին հղել վարչապետին՝ առաջարկելով իրենց «ազատել այն դառը պտուղներից, որոնք արդեն ճաշակում են»:
«Մենք գրականության ոլորտը ներկայացնող անհատներ ենք և չենք պատրաստվում բանավեճի մեջ մտնել տնտեսագետների, ֆինանսիստների, հարկային դաշտը վերահսկող ծառայողների հետ: Մենք արձանագրում ենք փաստը և խորապես համոզված ենք, որ օրենքը վերանայման կարիք ունի»,-ասված է բանաստեղծներ Կարեն Անտաշյանի, Հուսիկ Արայի , Վիոլետ Գրիգորյանի , Գուրգեն Խանջյանի, Վահան Իշխանյանի և այլոց նամակում:
Նախարարի պատասխանից, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում չէր կարող գնի բարձրացում առաջանալ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը ենթադրում է, որ թանկացումները տեղ են գտել գրավաճառ ցանցում առկա կոմիսիոն հարաբերություններից: Ուստիև, երեքշաբթի օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովում հրավիրվելիք նիստը մնում է ուժի մեջ:









