Հարուստ երկրները «ֆինանսական ցունա՞մի» են ստեղծում
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը մեղադրել է հարուստ երկրներին էժանագին փողերի «ցունամի» ստեղծելու մեջ: Ինչպես հաղորդում է France presse-ը, նախագահը նշել է, որ «ցունամին» վնաս է հասցնում զարգացող երկրներին:
Ռուսեֆի խոսքով` դրամական զանգվածային հոսքը, այդ թվում` Բրազիլիա, բերում է ազգային արժույթի փոխարժեքի զգալի աճի, ինչն էլ, իր հերթին, վնաս է հասցնում տեղական արտադրողներին:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, բրազիլական ռեալը տարեսկզբից ամրապնդվել է դոլարի նկատմամբ 9 տոկոսով: Միայն արտարժութային բազմակի միջամտությունները թույլ են տվել տեղի Կենտրոնական բանկին դրա փոխարժեքը պահել մեկ դոլարի համար 1.7 ռեալ մակարդակի վրա:
Բրազիլիայի ֆինանսների նախարար Գվիդո Մանտեգան այս կապակցությամբ կրկնել է «արժութային պատերազմի» սկսման մասին իր կարծիքը (նա առաջին անգամ կարծիքը հնչեցրել էր 2009թ.): Նախարարը հավելել է, որ Բրազիլիան դրա դեմ կփորձի պայքարել բոլոր հնարավոր միջոցերով:









