Հակոբ Չաքրյանը Սարկոզիի անկեղծության վրա չի կասկածում

16:30 • 02.03.12

Ցեղասպանությունների հերքումը քրեականանցող օրինագծի հարցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի կասկածում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անկեղծությանը։

Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ինչու Սարկոզին հապաղեց ստորագրել այդ օրենքը և հնարավորություն տվեց դիմելու Սահմանադրական խորհրդին, Չաքրյանը պատասխանեց. «Նա երևի դանդաղեց օրենքին առավել մեծ կարևորություն տալու համար, իսկ ինչ վերաբերում է նրա անկեղծությանը, ապա այն կասկածի տակ չեմ կարող դնել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց այդ երկրի Սենատի կողմից ընդունված օրինագիծը, որը ցեղասպանությունը հերքելու համար մինչև մեկ տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սահմանելու։

Հակոբ Չաքրյանը խորհուրդ է տալիս Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից չհիասթափվել, քանի որ դա ոչ թե հայկական, այլ ֆրանսիական նախաձեռնություն էր, իսկ այդ որոշմամբ, ըստ նրա, վտանգվում է հենց Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը:

«Մենք պետք է սառնասրտորեն վերաբերվենք նման գործընթացներին, քանի որ դրանք չեն կարող ազդել Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա»,- ավելացրեց Հակոբ Չաքրյանը: