Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխումների կարիք ունի
Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, որն էլ կխթանի ոչ միայն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, այն նաև կնպաստի ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը:
Այսօր հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արամ Դանիելյանը, կազմակերևպության իրավաբանների հետ միասին ներկայացնելով ԵԱՀԿ աջակցությամբ ՀԿ-ի կողմից ոլորտում կատարած ուսումնասիրությունները: Ըստ նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի մեջ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովի տեսակետով՝ վաղաժամկետ ազատումը պետք է կատարվի անհատականացված մոտեցմամբ՝ յուրաքանչյուր գործ առանձին քննության առնելով: «Գործընթացը պետք է մատչելի լինի բոլոր դատապարտյալներին, այդ թվում և ցմահ դատապարտյալներին, իսկ որոշումների կայացման գործընթացը պետք է լինի հետևողական»,- նշեց նա:
ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նախ նշեց, որ նախարարությունն այստեղ աշխատանքներ արդեն իսկ տարել է և մշակվել են համապատասխան ակտեր: Նա ավելացրեց, որ քաղաքացիական հասարակության կայացման տեսանկյունից ոլորտի բարեփոխումների միջոցով իրենք կփորձեն հասարակությանը վերադարձնել էլ ավելի ուղղված օրինապահ քաղաքացներ. «Այս ինստիտուտը կխթանի ուղղմանը»,-նշեց նա:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Արման Զրվանդյանը ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ նշեց, թե համակարգի ներդրումը պետք է սահմանի հստակ չափորոշիչներ համոզվելու համար, ռիսկի գնահատման գործառույթը, թե արդյոք դատապարտյալն ամբողջապես ուղղվել է և նրան կարելի է ազատ արձակել և կամ հակառակը: Մինչդեռ, ըստ նրա, ի տարբերություն միջազգային ուղղման չափանիշների կանխատեսման գործիքների և այն կիրառող մարմնի՝ Հայաստանում այդ փորձը չկա:
«Այդ բազաները մաթեմատիկական հիմք ունեն, նաև էլեկտրոնային համակարգով, մինչդեռ Հայաստանում նման համակարգ ճշգրիտ չկա: Մոդելը կարևոր է, սական պետք է տվյալները լինեն տեղական»,-ասաց նա: Բացի այդ նրա խոսքով կարևոր է հաշվի առնել նաև տուժողին պատճառած վնասը հատուցելու հանգամանքը: «Հարց է առաջանում, օրինակ եթե դատապարտյալի մոտ կրկին հանցանք կատարելու ռիսկը շատ ցածր է, սակայն տուժողի վնասը չի հարթել, միայն դրա համար արժե՞ ազատ արձակել: Մի շարք երկրներում գերակայություն ունի ուղղիչ հանգամանքը, այսինքն, եթե նա ուղղվել է կարող է ապրել հասարակության շրջանում»:
Իրավաբաններից Տաթևիկ Ղարիբյանը անդրադարձավ միջազգային փորձին, թե որ մարմնին է վերապահված համակարգի կիրառման իրավասությունը: Ըստ նրա՝ միջազգային փորձում մոդելը խառն է՝ դրանք կիրառում են կամ դատարանը, կամ էլ անկախ հանձնաժողովը, ոորոշումը չի կարելի սակայն բողոքարկել:
Ի դեպ, Հայաստանում 2006 թվականից դատական մոդելին ավելացվեց նաև անկախ հանձնաժողովի միջոցով կիրառվող պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, ինչը քննարկամանը ներկա ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը որակեց ձևական, քանի որ նախ մեծ քանակությամբ դատապարտյալներ մերժվում են և հետո կոռուպցիոն ռիսկը շատ մեծ է: Ըստ նրա՝ համակարգը պետք է անցնի դատարանին և հենց դատարանը պետք է որոշի դատապարտյալն իսկապես ուղղվել է, թե ոչ: Իսկ պատճառաբանությունները , թե դատարանները լավ չեն աշխատում՝ Նիկոլայ Բաղդասարյանը դիտարկեց որպես դատարանի խնդիրը: «Վերադառնալ հին մոդելի ամենից ճիշտն է: Ինչքանով համոզված լինել, որ անկախ հանձնաժողովի անդամները արդար մարդիկ են»,-նշեց նա:









