Դավութօղլուն` տարվա մարդ Բոսնիայում

17:35 • 02.03.12

Բոսնիա-Հերցեգովինայում հրատարակվող Dnevni Avaz պարբերականը 2011 թվականի տարվա մարդ է հռչակել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:

Թերթի գլխավոր խմբագիր Ֆարուք Վելեն տեղեկացրել է, որ տարվա մարդուն ընտրել է ժյուրին:

Մրցանակը Դավութօղլուին է բաժին հասել` Բալկանների նկատմամբ ունեցած հետաքրքրության եւ Բոսնիա-Հերցեգովինայի խնդիրների հանդեպ ցուցաբերած աջակցության համար: Խմբագրի խոսքերով` Դավութօղլուին հաջողվել է առանց Բալկանների ներքին գործերին խառնվելու աջակցել խնդիրների լուծմանը:

«Դավութօղլուն անցած տարի մի քանի անգամ այցելել է Բոսնիա-Հերցեգովինա եւ նույնիսկ Ռամադանի առաջին օրն ընտանիքի հետ անցկացրել է այդ երկրում», - ասել է Ֆ. Վելեն` ավելացնելով, որ Դավութօղլուն աջակցում է նաեւ Բոսնիա-Հերցեգովինայի տնտեսական զարգացմանն ու համագործակցության շրջանակների մեծացմանը:

Ֆարուք Վելեն տեղեկացրել է, որ մրցանակը Դավութօղլուին կհանձնի նրա` Բոսնիա-Հերցեգովինա կատարելիք այցի ընթացքում, կամ ինքն անձամբ կմեկնի Անկարա, մրցանակը հանձնելու համար: