Հ. Հակոբյանը հանդիպել է նախարարությունում պրակտիակա անցնող ուսանողներին
Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նախարարությունում ուսումնական պրակտիակա անցնող ուսանողներին:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ փետրվարի 6-ից մարտի 2-ը ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 29 ուսանողի ուսումնական պրակտիկան:
Ուսումնական պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար նախարարությունում ստեղծվել էին բոլոր պայմանները: Ուսանողներին ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության գերակա ուղղությունները, նախարարության աշխատակազմի առանձին ստորաբաժանումների խնդիրները, գործառույթներն ու ծրագրերը:
Պրակտիկանտներին հնարավորություն էր ընձեռվել ակտիվորեն մասնակցել ընթացիկ աշխատանքներին` գործնականում կիրառելով բուհում ստացած գիտելիքները:
Հրանուշ Հակոբյանը պատասխանել է ուսանողների հարցերին: Վերջիններս ներկայացրել են կարծիքներ և առաջարկություններ նախարարության ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
Կարևորելով գիտելիքի, նորարարական գաղափարների, բարձր տեխնոլոգիաների դերը` Հ.Հակոբյանը ուսանողներին հորդորել է առավել շատ ուշադրություն դարձնել ուսմանը, դառնալ որակյալ մասնագետներ և նպաստել Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Ուսանողները շնորհակալություն են հայտնել Հակոբյանին և նախարարության աշխատակազմին պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար։









