Եվրո-2012-ի ժամանակ կամավորների փոխարեն կհերթապահեն վախեցած բժիշկները. DW

16:11 • 02.03.12

Անկախ բժշկական արհմիությունները քննադատում են Եվրո-2012-ին ընդառաջ ուկրաինացի բժիշկների պատրաստվածության մակարդակը և հայտարարում բժիշկների շահագործման մասին (Եվրո-2012-ն անցկացվելու է Ուկրաինայում ու Լեհաստանում):

Գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ Խարկովի բուժհաստատությունների բժիշկներին արդեն մի քանի ամիս է ստիպում են հերթապահություն իրականացնել յուրաքանչյուր ֆուտբոլային խաղի ժամանակ:

«Իմ տեղի համար հերթում հինգ հոգի կա: Մեզ վերաբերվում են այնպես, որ ավելի լավ է չգնալ կոնֆլիկտի», - թերթին ասել է բժիշկներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը: Նա նշել է, որ հրաժարվել նման «կամավորական աշխատանքից» կամ վճարի մասին հարցնելը հավասարազոր է աշխատանքից ազատման դիմում գրելուն, իսկ հերթապահել իրենք ստիպված են և հանգստյան օրերին, և աշխատանքից հետո:

Խարկովի իշխանությունները հերքում են այս տեղեկությունը: Խարկովի մարզպետի սոցիալական ու բժշկական հարցերով տեղակալ Իգոր Շուրման թերթին տված հարցազրույցում ասել է, որ ոչ մի նման բողոքի մասին չի լսել:

«Մենք ընտրություն ենք արել: Ընտրում ենք բացառապես կամավորների: Նրանցից ոչ ոք ճնշման տակ չի», - ասել է նա:

Նրա կարծիքով` դրանք այն բժիշկներն են, որոնք դուրս են մնացել ընտրությունից: