Սերբիան ստացել է ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ

09:52 • 02.03.12

Բրյուսելում երեկ աշխատանքներն սկսած Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել Սերբիային Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ տալու մասին, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա փետրվարի 27-ին, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Կոսովոյի կարգավիճակի շուրջ Բելգրադի ու Պրիշտինայի համաձայնության գալուց օրեր անց: 2011թ. դեկտեմբերին Կոսովոյի կարգավիճակի շուրջ չլուծված խնդիրը դարձավ Սերբիայի կարգավիճակի հարցի հետաձգման պատճառ:

Եվրամիությանն անդամակցում է 27 երկիր: 2011թ. դեկտեմբերին կառույցին անդամակցության մասին պայմանագիր է ստորագրել Խորվաթիան. ակնկալվում է, որ երկրին կառույցում «կհուրընկալեն» 2013թ.:

ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ունի նաև Մոնտենեգրոն:

Բացի այդ, մարտի 1-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել Հերման վան Ռոմպեյի` Եվրախորհրդի նախագահ վերընտրվելու մասին: Այս պաշտոնը վան Ռոմպեյը կզբաղեցնի 30 ամիս: Նախագահի պաշտոնում բելգիացի քաղաքական գործիչը վերընտրվում է երկրորդ անգամ: