Դինքին սպանողը սպառնում է պատմել «ամեն ինչ», եթե գործով ոստիկաններ չդատվեն
Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը պնդում է, որ Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցները պետք է մեղադրվեն Հրանտ Դինքի սպանության համար:
Նա ասել է, որ սպանության պատվերն Էրհան Թունջելի միջոցով ինքը ստացել է հենց ոստիկանության աշխատակիցներից, ովքեր իրեն հորդորել են հաճախակի հանդիպել Էրհանի հետ և նրա հետ «միշտ կապի մեջ մնալ», քանի որ «Օգյունն էլ, Էրհանն էլ լավ երիտասարդներ են»:
«Պաշտոնյաների դեմ եթե գործ չհարուցվի, ես պատրաստ եմ պատմել իմ իմացած ամեն ինչը»,- ասել է Հայալը` պատմելով, որ սպանությունից առաջ հաճախ է այցելել ոստիկանություն, սակայն իր մուտքն ու ելքը այցելուների մատյանում չի գրանցվել և չեն ստորագրել:
Taraf-ի փոխանցմամբ` Հալայը շեշտել է, որ անվտանգության որոշ աշխատակիցների կողմից ինքը հալածվում է բանտում:
Ավելի վաղ նա պնդել էր, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ ինքը հաճախ է հանդիպել ոստիկանության աշխատակիցների հետ և Էրհան Թունջելը հենց նրանց հրահանգն է փոխանցել իրենց:
«Հրանտ դինքի սպանության գործով եթե Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործ հարուցվի, ես կգնամ ու ցուցմունք կտամ: Տրապիզոնի ոստիկանության հրամանատարները Հրանտ Դինքի գործով պետք է դատապարտվեն: Թող ասեն, թե ինչո՞ւ էին ինձ պարբերաբար կանչում ոստիկանություն: Ճշմարտությունը թող բացահայտվի», -ասել է նա:
Հիշեցնենք, որ Տրապիզոնի դատարանը երեկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին նախօրոք տեղյակ լինելու և այն չկանխելու համար հաստատել է «պաշտոնական անփութության» մեղադրանքը և նահանգային ոստիկանության պետ, գնդապետ Ալի Օզին և մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի դատապարտել 6-ական ամսվա, իսկ երեք այլ ավելի ցածր պաշտոնյաների` 4-ական ամսվա ազատազրկման:









