Հայաստանում 2011թ. ևս մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չկար. բռնության է ենթարկվել 4 լրագրող
Հայաստանի հելսինյկան կոմիտեն 2011թ. ևս Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում էական առաջընթաց չի արձանագրել։ Կոմիտեի զեկույցում, սակայն, նշվում է, որ թուլացել է լարվածությունը՝ կապված քաղբանտարկյալների ազատ արձակումով և դրան հաջորդած իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ:
Կոմիտեն իր զեկույցում նաև նշում է, որ 2010 թ. մայիսին զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 1-ը լրատվամիջոցների դեմ հարուցվել է 29 դատական գործ:
Հայաստանի հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների վիճակը դիտարկել է տարբեր ոլորտներում՝ ընտրություններ, դատական համակարգ, խոսքի ազատություն, խոշտանգումներ և վատ վերաբերմունք:
Նախորդ տարի Հայաստանի հելսինկյան կոմիտեն արձանագրել է լրագրողների վրա ֆիզիկական բռնության 4 դեպք:
Դեպքերից առաջինը վերաբերում է նախորդ տարի ապրիլի 23-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ծեծի էր ենթարկել ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին և նրան ծնոտի վսնասվածք հասցրել:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալներով՝ բռնության ենթարկված մյուս լրագրողը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է, ում մարմնական վնասվածք է հասցրել «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Մյուս բռնության ենթարկվածը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանն է, ում լրագրողական պարտականությունները կատարելիս խոչընդոտել էր ոստիկանը, հարվածել ձեռքին և փորձել խլել լուսանկարչական ապարատը:
Նախորդ տարի բռնության է ենթարկվել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ՃՏՊ վայրում քաշքշել և հարվածել էին:
«Խոսքի ազատություն» բաժնում ներկայացվում է նաև, որ թերթերը «աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը համարում են իրենց համար սպառնալիք» և այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը,իսկ ՍԴ-ն էլ իր մեկնաբանություններում ամրագրեց, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի պատասխանողի գույքային դրությունը:









