Հայաստանում 2011-ին ևս դրական փոփոխություններ չեն արձանագրվել խոշտանգումների դեպքերով

15:16 • 02.03.12

Հայաստանում անմարդկային վերաբերմունքի դեպքերը հիմնականում արձանագրվում են ոստիկանական բաժանմունքներում, այս մասին է վկայում Հայաստանի հելսինկյան կոմիտեի 2011 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած տվյալները։

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Հայաստանի վերաբերող 2010 թ. զեկույցում արձանագրել է, որ ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են խոշտանգումները և վատ վերաբերմունքի մյուս դրսևորումները: Դրանք արտահայտվում են «ոտքով, ռետինե մահակով, ջրով լի շշերով կամ փայտե ձողերով հարվածներով», որոնց նպատակը ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելն է:

Ըստ Հելսինկյան կոմիտեի՝ 2011թ. ևս որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել այս ոլորտում:
Քրեակատարողական հիմնարկները Հայաստանում գերբնակեցված են: Դեռսև 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ առավելագույնը 4396 ազատազրկվածների համար նախատեսված ՔԿՀ-ներում պահվում էր 4850 մարդ: Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը թեև մասամբ լուծեց «գերբնակեցման հարցը, սակայն դա ունեցավ կարճաժամկետ արդյունք, իսկ խնդիրն այդպես էլ մնաց»:

Հայաստանի ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումն արձանագրել է, որ նախորդ տարի սեպտեմբերին «Վանաձոր» ՔԿՀ–ում հիմնարկի աշխատակիցները կիրառելով հատուկ միջոցներ՝ ռետինե մահակ, վահան, ոտքերի միջոցով ծեծի են ենթարկել խցի հինգ դատապարտյլաների, որոնցից երեքը ստացել են ոտքերի և թևերի սալջարդներ ու կապտուկներ: