Կանխվել է Երևան-Կրասնոդար չվերթով բորտուղեկցորդուհու կողմից 1.3 կգ ոսկու մաքսանենգ արտահանումը (լուսանկարներ)

16:03 • 02.03.12

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ոսկեղեն:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր, մարտի 2-ին, արդեն օդանավից գծային բաժին բերման է ենթարկվել բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը: Նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվել է վեց փաթեթ, որոնց վրա գրված էին անուններ:

Ըստ Եղիազարյանի` նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար:

Ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: