Սևանա լճի մակարդակը հավասարվել է 1963թ-ի մակարդակին

13:52 • 02.03.12

Սևանա լճի ջրի մակարդակն այսօր կազմում է 1900.13 սմ, ինչը հավասար է 1963թ-ի արձանագրված մակարչդակին, այս մասին ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ նախագահին է զեկուցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել է երկու հարց:
«Հաստատվեց հանձնաժողովի 2012թ-ի աշխատանքային գործունեության ծրագիրը` բնական պաշարների պահպանում, վերարտադրություն, վերականգնում և այլն: Ընդհանուր առմամբ 27 միջոցառումներ կիրականացվեն, որոնց համար կստեղծվեն 27 աշխատանքային խմբեր: Ինչպես նաև քննարկեցին լճի հիմնախնդրի օրենքների իրականացման հետ կապված հարցեր»,- ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի մարտի 10-ից:

Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2001 թ. ընդունված օրենքների համաձայն` Սևանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սմ, սակայն բարձրացել է 380 սմ-ով, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված գրաֆիկից առաջ են անցել 7.5 տարով:

Մասնագետը Սևանի հիմնախնդիրների լուծմանն ուղված աշխատանքների իրականացման առումով հատկապես առանձնացրեց վերջին երեք տարիները, քանի որ հենց այս շրջանում Սևանի մակարդակը բարձրացել է միանգամից 126 սմ-ով: Այսինքն` տարեկան միջին հաշվով Սևանը բարձրացել է 30 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 42 սմ-ով:

«Վերջին10 տարիների ընթացքում Սևանից բաց է թողնվել 150-185 մլն խ/մ ջուր, այնինչ օրենքով թույլատրվում էր 170 մլն խոր մետր: Վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի տարում չի եղել Սևանի ջրի բացթողնման ու ներհոսքի բացասական հաշվեկշիռ: Մակարդակը անըդհատ բարձրանում է և չի եղել տարի, որ նախորդից պակաս լինի: Սակայն մենք դեռ անելիքներ շատ ունենք»,-ասաց Վլադիմիր Մովսիսյան: