Այն ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում անհանգստացնող է. Լարիսա Ալավերդյան

11:39 • 02.03.12

Այն ինչ տեղի է ունենում Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում, անհանգստացնող է, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
«Մենք որ կանգնում և հաշվում ենք թե դահլիճում ինչքան մարդ կա և ինչքան են քվեարկում, դա անում ենք, որ մեր խորհրդարանի պատիվը մնա, այլ ոչ թե մեկը մյուսի փոխարեն քվեարկեն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, ինչ համընկավ 2008թ. ողբերգական դեպքերի 4-րդ տարելիցի հետ։

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը, համարեց, որ այս օրինագծով իշխանություններ փորձում են արդարացնել էր 2008թ. մարտի մեկի դեպքերը:

«Այսօր անձամբ ես ամաչում եմ նրա համար, ինչ կատարվում է մեր խորհրդարանում: Ազգային ժողովի նախագահը կարողացավ պահել ցուցատախտակը, բայց չկարողացավ պահել պատգամավորներին, որոնք ցուցադրաբար դուրս գալով ասացին, կանենք այն ինչ կուզենք անել»- ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Սումգայիթի ոճրագործություններին, նշելով, որ դա անցյալ չէ, և պետք է այդ ամենի մասին ավելին իմանալ, որպեսզի դատապարտվեն ոճրագործները:

«Տուժած ընտանիքի անդամները ոչ միայն ողջ են, այլ նաև երիտասարդներ կան ու նաև միջին տարիքի մարդիկ: Իսկ ադրբեջանցի ժողովուրդը չէ որ մեղավոր է, այլ նրա քաղաքական էլիտան: Ես ամենայն լավն եմ ցանկանում ադրբեջանցի ժողովուրդին, ինչպես նաև տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդներին: Նրանք զոհն են իրենց իսկ քաղաքական էլիտայի, և հենց այդ քաղաքական էլիտայի պատճառով են նրանք այսօր ատելությամբ լցված»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: