Փակ շուկայի աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ

16:23 • 02.03.12

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար:

Աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշենք նաև, որ այսօր կեսօրից հետո մեր թղթակիցը այցելել էր շուկա, որտեղ իրականացվող շինարարության պատսխանատու ներկայացած Մարատ Ափյանն ասաց, որ ոչ մի արտաքին աշխատանք էլ չի տարվում, իսկ խոսակցություններն այդ մասին սուտ են:

«Ասեմ, որ այստեղ ոչ մի արտաքին աշխատանք չի իրականացվում, և չի էլ իրականացվի, մենք փոխում ենք տանիքը, որն ամբողջովին ավերված էր, և կառուցում ենք ավտոկայանատեղի»,- ասաց Մարատ Ափյանը: Իսկ թե տանիք փոխելը որքանով արտաքին աշխատանք չէ, թողնում ենք ընթերցողի դատողությանը։