Ընտրությունները Հայաստանի համար փորձանք են դարձել. Պետրոս Մակեյան
Հայաստանին սպասվում է հերթական փորձությունը՝ ընտրությունները, իսկ ընտրությունները Հայաստանի համար դարձել են փորձանք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Բոլոր կուսակցությունները ակտիվացել են ու պատրաստվում են ընտրությունների: Իշխանությունները սկսել են մարզից մարզ շրջել և բացատրել, թե ինչու չեն կատարել իրենց հինգ տարի առաջվա խոստումները: ՀԱԿ-ի հրապարակային գործունեությունը սկսվեց երեկվանից՝ բազմամարդ հանրահավաքով»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը համոզված է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են մնացածից, որովհետև մեծ է մրցակցությունը:
«Այս ընտրությունները սպասվող նախագահականի համատեքստում են ընթանում և հենց դրանով է պայմանավորվում այն, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը»,- ասաց նա՝ և ավելացրեց, որ իշխանությունները շատ լուրջ են նախապատրաստվում:
Մակեյանն անդրադարձավ վարչապետի Տիգրան Սարգսյանի գործունեությանը՝ ասելով, որ նա ձախողել տնտեսական բոլոր ծրագրերը։
«Երկիրը պետք «շողուլի» գա, որ ամեն քաղաքացի իր գործունեության ոլորտում ազատ լինի: Երբ լսում ես Սերժ Սարգսյանի ելույթները, չես կարող չհամաձայնվել նրա որոշ մտքերի հետ: Բայց մեզ գործ է պետք, ոչ թե խոսք»,- ասաց նա:









