«ՀԱԿ-ին երկպառակություն վերագրել չի կարելի». Պետրոս Մակեյան
Թեև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կազմից, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հավաստիացնում է, որ ՀԱԿ-ում երկպառակության խնդիր չկա:
«ՀԱԿ-ին երկպառակություն վերագրել չի կարելի: Դա կուակցության ներքին խնդիրներն էին: Կոնգրեսում երկպառակման այլ խնդիր չկա: Իսկ եթե ազնվորեն խոսենք, ցանկացած կուսակցության մեջ խնդիրներ կան, էլ ուր մնաց 18 կուսակցություններից և ակկուսակցականների մեծ բանակից կազմված կոնգրեսում ոչ մի հարց չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակեյանը:
Նա այն համոզմունքը հայտնեց, որ ՀԱԿ-ն այս ընտրությունները պետք է օգտագործի որպես երկրում մթնոլորտը փոխելու միջոց:
Պետրոս Մակեյանի կարծիքով՝ ՀԱԿ-ի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ դաշինքը, քաղաքական բոլոր տեխնոլոգիաները օգտագործելով, ժողովրդին պետք է բացատրի, որ այն պետք է զերծ մնա ընտրակաշառքներից:
«Հրազդանում ամբողջ օրը մի տեղամասում եմ եղել: Ներսում ամեն ինչ շատ լավ էր: Ներեցե՛ք, բայց մարդիկ հոտի նման էին գալիս ընտրության՝ ընտրակաշառքներն արդեն ստացած ու քվեարկում այն իշխանության օգտին, որից օր առաջ ուզում են ազատվել»,-ասաց նա:









