Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան Իրանի դեմ պատերազմ թույլ չտալու համար. Պուտին
Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերն Իրանի դեմ պատերազմ թույլ չտալու համար: Այս մասին արևմտյան մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ Իրանում, ոչ Իրանի շուրջ ռազմական հակամարտություն տեղի չունենա: Մեզ համար դա կունենար բազմաթիվ բացասական հետևանքներ», - ասել է վարչապետը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` մարտական գործողություններն, ըստ Պուտինի, կհանգեցնեն մեծ թվով փախստականների հոսքի, մասնավորապես` դեպի Ադրբեջան:
«Իրանում յուրաքանչյուր իրավիճակ, անպայմանորեն, կարտացոլվի այս տարածաշրջանի վրա: Կարծում եմ` ոչ ոք հետաքրքրված չէ նրանում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից», - ասել է նա:
Նախագահի թեկնածուի կարծիքով` Իրանին պետք է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո խաղաղ միջուկային ծրագիր զարգացնելու հնարավորություն տրվի:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ բացասաբար է ընկալում իրանական ղեկավարության հնչեցրած հակաիսրայելական արտահայտությունները, և դա հասկացնել է տալիս Թեհրանին:
Հանդիպմանը մասնակցել են ճապոնական «Ասահի Սիմբուն»-ի ֆրանսիական «Լը Մոնդ»-ի , իտալական «Լա ռեպուբլիկա»-ի, կանադական «Գլոբ էնդ մեյլ»-ի, բրիտանական «Թայմս»-ի, գերմանական «Հանդելսբլաթ»-ի խմբագրերը:









