Պուտինն օտարերկրյա մամուլին պատմել է Սիրիայի, Լիբիայի ու ՀՊՀ ծրագրի շուրջ պայմանավորվածությունների մասին

09:28 • 02.03.12

Օտարերկրա մամուլի խմբագիրների հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությանը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, արտաքին քաղաքականության մասին խոսելիս` նա անդրադարձել է Լիբիայում կատարվածին: Պուտինը մեղադրել է Մուամար Կադաֆիի ռեժիմը տապալած լիբիացի ապստամբներին խաղաղ բնակիչների սպանության, իսկ արևմտյան լրատվամիջոցներին` նման փաստերի մասին չբարձրաձայնելու մեջ:

Վարչապետը զուգահեռներ է անցկացրել Լիբիայում կատարվածի և Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի միջև (Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու գործող ռեժիմի հակառակորդների միջև):

«Դուք գիտե՞ք, որ այնտեղ կանայք ենթարկվել են բռնությունների, տղամարդկանց սպանել են: Դուք գրե՞լ եք այդ մասին: Եթե անկեղծ, ապա կարծում եմ, որ մասամբ: Միջազգային ԶԼՄ-ները նախընտրում են դա չնկատելու տալ»,- ասել է նա:

Ըստ Պուտինի` Կադաֆիի ռեժիմը տապալել լիբիացի ապստամբներին հաջողվել է «դրսի» օգնությամբ, որի իրավական հիմքը պետք է դառնար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որի ընդունմանը խոչընդոտեց Ռուսաստանը:

«Իսկ այդ քայլի սկզբունքը հետևյալն է`չխրախուսել զինված հակամարտության կողմերին, այլ ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ կրակը դադարեցնելու ընդունելի տարբերակների վերաբերյալ, անցնել քաղաքական գործընթացների ու բարեփոխումների, և ոչ թե հակամարտությունը մտցնել փակուղի ու տանել նրան, որ մի կողմն ամբողջությամբ ոչնչացնի մյուսին»,- ասել է Պուտինը:

ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերությունների վերաբերյալ. ռուս վարչապետը խոստովանել է, որ Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՊՀ) ծրագրի շուրջ եղել են պայմանավորվածություններ ամերիկյան կողմի հետ, սակայն վերջինս հրաժարվել է դրանք ամրագրել փաստաթղթում: Խոսքը, ըստ նրա, ՀՊՀ-ն Ռուսաստանի դեմ չուղղելու երաշխիքների մասին էր:

Հանդիպմանը մասնակցել են ճապոնական «Ասահի Սիմբուն» թերթի գլխավոր խմբագիր Յոսիբումի Վակամիան, ֆրանսիական «Լը Մոնդ»-ի գլխավոր խմբագիր Սիլվի Կաուֆմանը, իտալական «Լա ռեսպուբլիկա»-ի գլխավոր խմբագիր Էցիո Մաուրոն, կանադական «Գլոբ էնդ մեյլ»-ի գլխավոր խմբագիր Ջոն Սթեքհաուսը, բրիտանական «Թայմս»-ի գլխավոր խմբագիր Ջեյմս Խարդինգը, գերմանական «Հանդելսբլաթ»-ի խմբագիր Գաբոր Շտայնգարտը: